Ադրբեջանցիները ավերել են Ասկերանի շրջանի Սղնախ և Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղերի գերեզմանատները։ Այս մասին հայտնել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Շատերին հետաքրքրում էր, թե ինչու նոյեմբերի 9-ից հետո որոշ հայ ընտանիքներ գերեզմանները փորեցին՝ իրենց սիրելիների մասունքները Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջաններից տեղափոխելու համար։ Բաքուն իր գործողություններով ցույց տվեց, թե ինչու։ Եվ սա բարբարոսություն է, որը շարունակվում է…»,- գրել է դեսպանը Twitter-ում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները Մեխակավանում (Ջաբրայիլ) ավերել են Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։ Ինչպես հաղորդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը, հայկական եկեղեցին ամբողջությամբ ավերվել է այն բանից հետո, երբ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այս նույն եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ։ Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները մասնակիորեն ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին և քանդել Հովհաննես Թևոսյանի հուշարձանը։ Բացի այդ, պատերազմի ժամանակ երկու անգամ գնդակոծվել է Շուշիի Ղազանչեցոց տաճարը։ Ավելի ուշ ադրբեջանցիները տաճարը վերականգնելու պատրվակով այնտեղից հանել են զանգերը։

Արևմտյան Հայաստանը,  թուրքերին և ազերիներին բնորոշ այս և նմանատիպ բարբարոսությունները ևս մեկ անգամ խստորեն դատապարտում է և հիշեցնում, որ թուրքական պետությունը նույն կերպ վարվել է Արևմտյան Հայաստանի պատմա-մշակութային ժառանգության հետ։