2021 թվականի  նոյեմբերի 16-ին՝ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության  ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն   խախտելով  ՄԱԿ-ի  կանոնադրության 2-րդ  հոդվածի 4-րդ կետի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ» և «գ» կետերի, 1998թ․հունիսի 17-ին ընդունված   Միջազգային   քրեական  դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի պահանջները, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, զինված ուժերի օգտագործմամբ, կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ոտնձգել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ՝   սանձազերծելով   ագրեսիվ պատերազմ և իրականացնելով  ագրեսիայի ակտ: 

Ադրբեջանի   զինված  ուժերը, վարելով   ագրեսիվ   պատերազմ, նպատակադրվել   են  ձեռք  բերել  ռազմական   գերակայություն՝ կոպտորեն խախտելով «Միջազգային  զինված  կոնֆլիկտների  զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի կոնվենցիաների նորմերը։ 

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում դեպքի առիթիվ  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

Արևմտյան Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հանցագործ արարքը և կոչ է անում քաղաքակիրթ աշխարհին՝ սթափ գնահատելու առկա իրավիճակը, իսկ ողջ հայ ժողովրդին՝ համախմբվելու և միասնաբար պայքարելու՝ հանուն արդարության։