Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը  իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված Հայաստանի դեմ բռնությունների աճի առնչությամբ, խստորեն դատապարտել են Ադրբեջանին։ 

Շիֆը կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելու դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու ևս մեկ զանգվածային հումանիտար աղետ ու ցույց տալու ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը: Ֆրանկ Փալոնի խոսքով՝ «Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնության սրումն անընդունելի է: Հայաստանի դեմ մահացու բռնությունների այս աճը կշարունակվի, քանի դեռ ԱՄՆ պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը չեն ձեռնարկել անհապաղ և վճռական դիվանագիտական գործողություններ: Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որն ավելի կքաջալերի Ալիևին, եթե նա չկանգնեցվի»։