Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածության առթիվ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հայտարարությանը։

Նրա կարծիքով՝ սահմանային վերջին սրացումների առթիվ Իրանը շարունակելու է առաջ տանել իր դիրքորոշումը, որի համաձայն` վճռականորեն դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությանը։

«Իրանը բազմից հայտարարել է, որ իր համար կարմիր գիծ է տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Հայաստանի սահմանների անփոփոխելիությունը։ Այդ մասին Իրանն ավելի ինտենսիվորեն հայտարարեց վերջին ամիսներին, երբ բավական սրվեցին իրանա–ադրբեջանական հարաբերությունները»,– նշեց իրանագետը։ 

Վարդանյանի խոսքով` այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու ծրագիրը հակասում է Իրանի կենսական շահերին մի քանի առումով։ Հայաստանի հետ սահմանի վերացումը Թեհրանի համար իրական սպառնալիք է, որովհետև այդ դեպքում Իրանի տարանցիկ նշանակությունը կնվազի և այդ երկիրը կկորցնի Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության լծակները, առավել ևս, որ ինքն է ապահովում կապը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։