Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվականը՝ «Վատիկան Նյուզ»-ը, տպագրել է հոդված՝ անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-16-ի ընթացքում իրականացված ագրեսիվ գործողություններին:

Հոդվածի «Արվեստի ու մշակույթի ժառանգություն» բաժնում նշվում է, որ նախորդ տարվա զինադադարից հետո հազարավոր տեղահանվածների ապագայի հանդեպ խորը մտահոգությանը զուգահեռ միջազգային հանրության կողմից դրսևորվում էր տարածաշրջանի հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ մեծ ուշադրություն։«Այն այսօր էլ համարվում է կենտրոնական խնդիր։ Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության հստակ ուղերձները սկիզբ առան դեռևս մեկ տարի առաջ։ Մեր մտահոգությունները մեծապես ավելացան հոկտեմբերին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի կրկնակի ռմբակոծման, ու հատկապես, սրբապղծման դեպքերի մասին ստացված բազմաթիվ զեկույցների արդյունքում։ Իրականում խոսքը գնում է Արցախի մոտ չորս հազար պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների մասին, որոնք այժմ Ադրբեջանի հսկողության ներքո են, ու դրանցից յուրաքանչյուրը հզոր հոգևոր ու մշակութային ժառանգություն է համարվում, դրանց անհետացումը կնշանակի անդառնալի կորուստ մարդկության համար»,- նշվում է հոդվածում: