Իրագործման դեպքում աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող այս մեծ նախագիծը կարող է Հնդկաստանից մինչև Արևելյան Եվրոպայի երկրներ ձգվող տարանցիկ մեծ ճանապարհ ձևավորել՝ ակտիվացնելով Ասիայի և Եվրոպայի առևտրային կապերը և այդ թվում մեծացնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը ռեգիոնում: Հայաստանում Իրանի դեսպանատունը «Արմենպրես»-ին հայտնել է, որ «Պարսից ծոց-Սև ծով» տարանցիկ միջանցքի համաձայնագիրը կարող է հաստատվել մասնակից երկրների՝ Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում:

Սա միջազգային խոշոր նախագիծ է, որի նպատակը Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները տնտեսապես իրար կապելն է: Իրանն այս գաղափարը առաջ է քաշել դեռևս 2016 թվականին: Դեռ այն ժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ծրագրում ընդգրկված են լինելու Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները, և դեպի Սև ծով տանող տարանցիկ ճանապարհներից մեկը կարող է լինել Հայաստանը: Սակայն մասնակից երկրների ներկայացուցիչների աշխատանքային վերջին հանդիպումներից և տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցած հայտնի զարգացումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը դուրս է մնում նախագծից: Փոխարենը ծրագրին ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ առայժմ նախաձեռնությանը, Իրանից բացի, մասնակցում են նաև Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը և Բուլղարիան: Սակայն նախագծին կարող են միանալ դեպի Պարսից և Օմանի ծոցեր և դեպի Սև ծով ելք ունեցող այլ երկրներ, այդ թվում Արևելքի ամենախոշոր տնտեսություններից մեկը՝ Հնդկաստանը՝ էապես ընդլայնելով Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի զարգացմանը նպաստող միջանցքի աշխարհագրությունը: Հայաստանն էլ իր հերթին կարող է դառնալ իրանական հեռավոր Չաբահար նավահանգստից կամ Բանդեր Աբբասից մինչև Բուլղարիա և Հունաստան ձգվող մեծ ճանապարհի կարևոր կապող օղակներից մեկը առաջին հերթին կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհով: Եվ բարեկամ Իրանը բարձր է գնահատում այս ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը:

Դեսպանատունը տեղեկացնում է, որ 2016 թվականին Իրանի կողմից նախաձեռնության մեկնարկը տալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում բանակցությունների հինգ փուլ է տեղի ունեցել: Ըստ աղբյուրի՝ բանակցությունների 5-րդ փուլին՝ 2021 թ. ապրիլին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Իրանի և Հայաստանի,Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի պատվիրակությունները:

«Այդ հանդիպմանը բացակայում էր Ադրբեջանի Հանրապետությունը», — հավելում է Իրանի դեսպանատունը:

Դեսպանության հաղորդմամբ՝ Երևանում կայացած 5-րդ հանդիպման ընթացքում կողմերը կամք են դրսևորել համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, և կառուցողական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախագծի տեքստում մնացած որոշ կետերի առաջադրանքների վերաբերյալ։