ԱՐԵՎՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Հայկական լեռնաշխարհում կան մի քանի տասնյակ լճեր։ Դրանցից յուրաքանչյուրն էլ ինքնատիպ է ու յուրօրինակ, բայց այդ բոլորի մեջ առանձնանում է Հայկական լեռնաշխարհում բուրգ կազմող եռյակը՝ Վանա, Սևանա և Ուրմիա լճերը։ Գտնվելով միմյանցից որոշակի հեռավորության վրա, լճերը, իրենց միջև վեր խոյացող լեռների հետ միասին կազմում են Հայկական լեռնաշխարհի «բուրգը»։ Հիմքում կարող ենք տեսնել արտահայտված հավասարասրուն եռանկյունը։ Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր քարտեզների վրա կարող ենք գտնել այս եռյակը։ Դե ինչ, ծանոթանանք աշխարհագրական այս ֆենոմենի հետ։

Բզնունյաց ծով

Հայկական լեռնաշխարհի ներկայումս ամենամեծ լիճը՝ Վանը, գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում։ Վանա լիճը Արեւմտեան Հայաստանում ծով է կոչվել։ Ընդհանրապես մեր նախնիները Հայկական բարձրավանդակում գտնվող լճերին ծով են անվանել, ավելի փաղաքշական ձևով՝ ծովակ։ Միջնադարյան հեղինակները լիճը հիշատակել են Տոսպ կամ Տոսբ ձևով։ Այն նաև անվանել են Բզնունյաց ծով և Ռշտունյաց ծով՝ տարածքում իշխող ցեղերի անուններով՝ Բզնունի և Ռշտունի։ Վանա լիճը ասորեստանցիները կոչում էին «Նաիրի երկրի ծով» ընդ որում հնարավոր է, որ «Նաիրի» անվանումը ասորերեն նշանակում էր «ուրարտացիներ.

Տեկտոնական ծագում ունեցող լիճ է։ Գտնվում է 1720 մ բարձրության վրա։ Լճի հայելու մակերեսը կազմում է 3760 կմ², որը 2.5 անգամ գերազանցում է Սևանա լճի հայելու մակերեսը։ Խորութունը հասնում է 145 մ-ի։ Սնման աղբjուր են հանդիսանում լիճ թափվող գետերը, տեղումները և ստորերկրյա ջրերը։ Շրջապատված է Կորդվաց, Կոտուր և Ծաղկանց լեռներով։  Վանա լիճը ունեցել է շատ կզղիներ։ Բզնունյաց կղզիք․․․ Սեբեոսը այսպես է կոչել Բզնունյաց ծովի կամ Վանա լճի կղզիները։ Սակայն խոշորագույներն են մնացել՝ Լիմը, Կտուցը, Առտերը, Աղթամարը։ Լճից դուրս չի գալիս ոչ մի գետ։ Փակ լինելու պատճառով լիճն աստիճանաբար մեծանում է։

Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լճում աճում է միայն մի տեսակի ձուկ՝ տառեխը, որը որսում էին, աղ դնելուց և չորացնելուց հետո արտահանվում էր բազմաթիվ երկրներ։ Հնում գոյություն ուներ հատուկ ձկնորսարան՝ Արշակունիների արքայական տան խոշոր ձկնորսարանը, որը գտնվում էր Առեստավան կոչվող վայրում, հիմա անցել է ջրի տակ։

    Այժմ Վանա լճի շրջակայքում հիմնականում բնակվում են քրդեր։ Վանա լճի հատակին հայտնաբերվել է մոտ 3000 տարվա պատմություն ունեցող ուրարտական ամրոց։ Շուրջ 600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, ինչի արդյունքում մարդիկ ջրի ափին հիմնվելով` կառուցել են այստեղ տարբեր շինություններ: Սակայն ավելի ուշ, երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է, բնակչությունը նորից ետ է քաշվել, իսկ նրանց թողած քաղաքակրթական հետքերը մնացել են ջրի տակ: Դրանցից մեկն է Արճեշ քաղաքը, որը մնացել է ջրի տակ։ Քանի որ Վանա լճի ջուրը աղի է, ամրոցի պատերը հիանալի կերպով պահպանվել են և բոլորովին չեն վնասվել: Հետզհետե փոքրանում է նաև Վան քաղաքի և լճի միջև եղած տարածությունը։

Լիճը շրջապատող վայրերի կլիման մեղմ է, որի պատճառով աճում են տարբեր տեսակի պտղատու ծառեր (խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլն) և խաղող։ Արտամետ գյուղը հայտնի է եղել իր այգիներով և համեղ խնձորով։ Ամենահամեղ խնձորը աճել է հենց Արտամետում։

Ինչպես Սևանն ու Գեղամա լեռները, այնպես էլ Վանա լիճն ու նրա շրջակայքը ասոցացվում են ջրի պաշտամունքի և վիշապների հետ։ Ավանդույթի համաձայն Վանա լճում բազմաթիվ վիշապներ կան և նրանց դեմ պայքարում են հրեշտակները։ Երբ վիշապը 1000 տարեկան է դառնում, հրեշտակները նրանց լճից դուրս են հանում և մոտիկացնում արևին, որի ջերմությունից վիշապները մոխրանում են։ Այդ օրերին լիճը ալեկոծում է, իսկ երկինքը պատւում է թանձր մառախուղով։

Վանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով։

Նրա հարավային մասում բարձրանում են Գլխավոր Տավրոսի շղթաները, որոնք այս մասում հայտնի են նաև Կորդվաց լեռներ անվան տակ, որոնց գեղեցիկ գագաթներից են՝ Արտոս և Եղերով սարերը։ Գլխավոր Տավրոսը տարբեր ուղղություններով կտրտված է խոր լեռնահովիտներով։ Վերջիններս, իրենց հերթին, պարփակվածության շնորհիվ, առանձին աշխարհագրական միավորներ են ներկայացնում։

Հյուսիսային մասում Արածանիի ավազանը Վանի ավազանից բաժանվում է Ծաղկանց լեռներով, որոնց սահմանները հասնում են մինչև Բերկրի։ Ծաղկանց լեռներից մի ճյուղ ձգվում է դեպի հարավ-արևմուտք, ուր բարձրանում է գեղատեսիլ Սիփանը:

Լճից արևելք և հյուսիս-արևելք բարձրանում են Վարագը, ինչպես նաև Թիմարի լեռները։  Լճից արևելք ընկած մասը ամենից ընդարձակն է. նա ձգվում է մինչև իրանական պետական սահմանը։ Ջրբաժան գծի հեռավորության պատճառով գետերն այստեղ ավելի երկար են։ Առավել նշանավոր են Բերկրի և Խոշաբ գետերը։

Լճի արևմտյան մասում գտնվում է Բզնունյաց սարահարթը, որը բաժանում է Վանա լճի ավազանը Բիթլիս-չայից և Արածանիից։ Այս մասում բարձրանում են Նեմրութ և Գռգուռ սարերը։

Շրջապատող այս լեռները լճին տալիս են շատ գեղեցիկ տեսք, որն իր առանձնահատուկ կենդանությամբ հիացմունք է պատճառել շատ ճանապարհորդների, բանաստեղծների, արվեստագետների :

Karine Grigoryan

Leave a Reply