Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն Փարիզում ընդունել է Հայաստանի պատվիրակությանը ‘Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:Նա տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի կողմից մի քանի ժամ առաջ հայկական մարտական հենակետերի գնդակոծումը, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել։ Կողմերը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները որակել են որպես ոտնձգություն ժողովրդավարության նկատմամբ։

Ֆրանսիայի Սենատի նախագահը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են Հայաստանում տիրող իրավիճակին և քաջատեղյակ են հետպատերազմյան զարգացումներին։ Հայկական կողմն իր հերթին բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձեւերը, որոնք դատապարտում են ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի դեմ։ 

Կողմերը կարևորել են Արցախի  հակամարտության խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և մանդատի ներքո։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հետպատերազմյան հումանիտար խնդիրների հրատապ լուծումը, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը։

Հանդիպումից հետո Հայաստանի Ազգային ժողովի և Ֆրանսիայի Սենատի միջև ստորագրվել է համաձայնագիր , որը նախատեսում է բազմաբևեռ համագործակցություն օրենսդիր մարմինների միջև՝ հանուն երկու երկրների բարեկամության և համերաշխության։

Leave a Reply