Մեջբերում ենք հայ ժողովրդի ազնիվ բարեկամ Հենրի Մորգենթաուի մտքերից մի հատված․ «Թալեաթն ինձ վրա մի մարդու տպավորություն թողեց, ով ուզում է ոչնչացնել բոլոր հայերին: Նա ինձ հայտնեց, որ «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեն հարցն ուսումնասիրել է ամենայն մանրամասնությամբ, եւ տարվող քաղաքականությունը պաշտոնապես ընդունված է նրանց կողմից: Ասում էր, որ տեղահանության մասին որոշումը իրականում երկար եւ լավ մշակված ծրագրի արդյունք է…»։ 

Հենրի Մորգենթաուն օսմանյան Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանն էր 1913-1916 թվականներին: Իրավաբանական կրթությամբ դիվանագետն այս երկրում դեսպան է նշանակվել Վուդրո Վիլսոնի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, այն նախագահի, ով ջատագովն էր չարչրկված Հայկական հարցի արդարացի լուծման:

Առաջին աշխարհամարտի սկսվելուց հետո, երբ արդեն դեսպան էր օսմանյան երկրում, ներկայացնելու էր նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը՝ որպես ամերիկյան դիվանագետ: Անկախ վարած պաշտոնից՝ նա նաեւ Մերձավոր Արեւելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր:

Երբ հայտնի է դառնում Արևմտյան Հայաստանի հայերի տեղահանության բուն նպատակը՝ հայ ազգաբնակչության լիակատար բնաջնջում, դեսպանը հանդիպում է գլխավոր մեղսագործների՝ երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթի եւ Էնվերի հետ, ջանքեր գործադրում կասեցնելու մարդկային պատմության մեջ նախադեպը չունեցող՝ պետականորեն ծրագրված եւ կատարվող ոճրագործությունը: Դիմելով Թալեաթին` ասում է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը…»: Դեսպանին ի պատասխան` մարդակերն արձագանքում է. «Ի՞նչ կարիք կա խոսելու նրանց մասին: Մենք լուծել ենք նրանց հարցը: Ամեն ինչ ավարտված է…»:

1916 թ. Հենրի Մորգենթաուն թողնում է դեսպանի պաշտոնը: Պաշտոնաթողության պատճառը հենց ինքն է մեկնաբանում. «Ես այլեւս չէի կարողանում շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր ու բարեկիրթ են, բայց կարող են մեկ միլիոն մարդու արյուն հեղել…»:

Պաշտոնաթողությունից կարճ ժամանակ անց, արդարության ասպետը հայերի դեմ իրագործված եղեռնի մասին արժանահավատ վկայություններով էր հանդես գալու՝ փաստագրական ահռելի նյութերով հագեցած իր գրքերով ու հոդվածներով, որտեղ նա եղեռնը հասցեագրում է մարդկությանը: Այդ բոլոր գրքերն ու հոդվածները հրապարակվել են 1918-1922 թթ., երբ դեռ շարունակվում էր ոճրագործությունը…

Այս ամենով հայության մեծ բարեկամն ու մարդասեր դիվանագետը ժխտում է թուրքական այն վարկածը, թե հայերի տեղահանությունը պայմանավորված է եղել ռազմական անհրաժեշտությամբ, եւ ապացուցում, որ երիտթուրքական պարագլուխների գերխնդիրն էր հայ ազգի վերջնական ոչնչացումը իր իսկ բնօրրանում: Նա դատապարտում է նաեւ եվրոպական տերությունների սառնությունն ու անտարբերությունը ոչնչացող ազգի ճակատագրի հանդեպ: Նրա կարծիքով՝ տեղահանության գաղափարը զուտ գերմանական էր…