Վանում հանրային փռի շուրջ հաց ստանալու հույսով հավաքված՝ թուրքական զորքերով շրջապատված հայերի այս լուսանկարը հրապարակվել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպան Հենրի Մորգենթաուի՝ 1918 թվականին Նյու Յորքում լույս տեսած հուշագրության առաջին հրատարակության մեջ:

Լուսանկարի բացատրագրում նշված է. «Այս մարդկանց դուրս էին հանել իրենց տներից առանց նախազգուշացման և քշել դեպի անապատ: Բռնագաղթի ժամանակ հազարավոր կանայք, երեխաներ ու տղամարդիկ մահացան ոչ միայն սովից ու զրկանքներից, այլև ուղեկցող զինվորների անմարդկային դաժանությունից»:

Վանը Արեւմտեան Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից է: Շուրջ երեք հազար տարվա պատմություն ունեցող հայկական այս քաղաքը Մեծ եղեռնի տարիներին զրկվեց հայ ազգաբնակչությունից: 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրության հայաբնակ յուրաքանչյուր բնակավայրի նման Վան քաղաքի շրջակա հայկական գյուղերում էլ սկսվեցին կոտորածները, քաղաքի հայ բնակչությունը ապրիլի սկզբին դիմեց ինքնապաշտպանության՝ շուրջ մեկ ամիս դիմադրելով թուրքական բանակի և քրդական անկանոն ջոկատների հարձակումներին:

Քաղաքի տարածքում տեղի ունեցած մարտերի ժամանակ Վանը վերածվեց փլատակների, իսկ նրանք, ովքեր չկարողացան գաղթել, սպանվեցին: