Zildjian ապրանքանիշը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ-ում որպես ամենահին ընտանեկան բիզնես։ Հայկական տոհմն արդեն 400 տարի է ծնծղաներ է պատրաստում։

Թուրքական Daily Sabah պարբերականը ներկայացրել է Զիլջյանների տոհմի ժառանգությունը։

Հեղինակ Մեթ Հենսոնը, նկարագրելով ցուցահանդեսը, որին էլ նվիրել էր հոդվածը, 

գրում է. «Արվեստի ամենատպավորիչ ու ցնցող ճյուղերից մեկը Էգե Քանարի «Անոթ» նորարարական աշխատանքն է, որն ուսումնասիրում է հայերի ղեկավարությամբ ափսեներ պատրաստելու արվեստը․.. Քանարն օսմանյան արխիվներում տվյալներ է գտել Զիլջյանների ընտանիքի մասին, ինչպես նաև գտել է նրանց վաղ աշխատանքները»։

Հայտնի Zildjian ապրանքանիշի պատմությունը սկսվում է XVII դարից: Կոստանդնուպոլսում ապրել է հայտնի ալքիմիկոս Քերոբե-Ավետիսը, որը փորձում էր տարբեր մետաղների խառնուրդից ոսկի ստանալ։ Հերթական փորձի ընթացքում նա ստեղծում է յուրահատուկ խառնուրդ. այդ նյութից պատրաստված թիթեղները բացարձակ մաքուր հնչյուններ էին արձակում։ Այնպես ստեղծվեց ժամանակակից ծնծղաների նախատիպը։ Որոշ ժամանակ անց երաժշտական գործիքը մեծ պահանջարկ է ձեռք բերում։ 

Նշենք, որ հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ Զիլջյանների ընտանիքի շատ անդամներ ստիպված են եղել փախչել ԱՄՆ։