«New Project» ընկերությունը ավարտել է Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգու վերանորոգման աշխատանքները: Սակայն զբոսայգին կրկին խնամված ու գեղեցիկ տեսք չունի:

«New Project» ընկերությունը այգու վերանորոգման աշխատանքներն իրականացրել է 279 հազար լարի գումարով: Համաձայն վերականգնման նախագծի, «Խաս Բախչա» այգում ասֆալտը պետք է փոխարինվեր սալիկներով, ինչպես նաև պետք է վերանորոգվեր շատրվանը և մարզասարքեր տեղադրվեին: Վերանորոգման աշխատանքները պետք է տևեին 3 ամիս, սակայն  տևեցին 7 ամիս: Ընկերությունն այգում ավարտել է իր գործը, սակայն այգում աշխատանքները չեն ավարտվել: Մնացել է ավարտին հասցնել լուսավորությունը և մաքրել տարածքը։ Ինչպես վերանորոգումից առաջ, այնպես էլ հիմա այգում բացակայում է ընդհանուր դիզայնը։

Հիշեցնենք, որ «Խաս Բախչա» քաղաքային զբոսայգին վերջին անգամ վերանորոգվել էր 2015 թվականին: Ախալքալաքի զբոսայգին 140 տարեկան է, այն հիմնադրել է Ստեփանոս Անանիկյանը: