Ներկայացնում ենք Արևմտյան Հայաստանում  կրթական-հասարակական կյանքի վերաբերյալ որոշ տեղեկություններ։  19-րդ դարի կեսերից սկսած Մարաշի հայոց կրթական-հասարակական կյանքը զգալի առաջընթաց ապրեց։ Զգալիորեն փոխվում է մարաշահայերի տնտեսական կյանքը, որոշ արտոնութիւններ, փոփոխություններ են կատարվում նաև ընկերային կյանքում: Մարաշի հայությունը, թեև դանդաղորեն, սկսում է ավելի հետաքրքրություն ցուցաբերել ուսման եւ կրթության հանդեպ։

Ս.Սարգիս եկեղեցուն կից բացվում է բարձրագույն կրթարան՝ «Ճեմարան» անունով։ Առաջնահերթ խնդիր էր ժողովրդի լուսավորությունը: Հիմնվում են գրադարաններ, բանավոր խոսքի, քարոզների միջոցով ժողովրդի միտքը լուսավորելու նպատակով կազմակերպվում են լսարաններ, իր առաջին քայլերն է կատարում թատրոնը, ուսումնական ծրագրերում ընդգրկվում են երաժշտություն, երգեցողություն,կազմվում են երգչախմբեր։

Ուշագրավ փաստ է, որ Մարաշի հայերի կրթանվեր կազմակերպությունները հիմնականում երիտասարդական նախաձեռնության արդյունք էին։  Սակայն օսմանյան կառավարությունը այնքան էլ հաշտ աչքով չի նայում երիտասարդական կամ որևէ այլ խմբավորման՝ անկախ նպատակից: Մասնավորապես 1890-ականների կեսերին՝ ազգային ճնշման ուժեղացման տարիներին, անպակաս էին հալածանքներն ու ձերբակալությունները: Այդ է պատճառը, որ մարաշահայ կրթական բոլոր ձեռնարկները մեծ մասամբ վերաբերում են 1880-1895 ժամանակաշրջանին: