Բռնազավթված Արևմտյան Հայաստանում լույս տեսնող Յենի Օզգյուր Պոլիտիկա թերթի լրագրող Նուբար Օզանյանը հրատարակել է ծավալուն հոդված, որտեղ անդրադարձել է հայ ազգի ազատագրական պայքարներում իրենց հայրենասիրությամբ ու հերոսությամբ առանձնացած և պատմության մեջ հետք թողած այնպիսի հերոսների, ինչպիսիք են՝ Աղբյուր Սերոբը, Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը, Սոսե մայրիկը և Արցախյան պատերազմում անմահացած Լեոնիդ Ազգալդյանն ու Մոնթե Մելքոնյանը։

Չառանձնացնելով միմյանցից, լրագրողը հատուկ հիացմունքով շեշտել է նրանց բոլորին միավորող այն մեծ հայկական ոգին, որին հաղթելը կամ ծնկի բերելն անհնար է և որը բնորոշ է միայն իսկական հայ քաջորդիներին։

Իր հոդվածի վերջում հեղինակը մեջբերում է Լեոնիդ Ազգալդյանի հետևյալ խոսքերը․ «Ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ» և ավելացնում․ «Հարյուր տարի անց հայոց ազատամարտն այժմ շարունակում են ՝՝Նահատակ Նուբար Օզանյան՝՝ գումարտակի անդամները»։