Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Դեմեր» դամբարանաշտի պեղումներից հայտնաբերված խեցեղենը, զենքը, պերճանքի առարկաները և այլ նյութեր հանձնվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։
Հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ պեղումներն իրականացվել են 40-ից ավելի դամբարանում։ Հնագետի փոխանցմամբ՝ դամբարանները տարբեր ժամանակաշրջաններով էին թվագրվում՝ միջին բրոնզի վաղ շրջանից մինչև երկաթի լայն տարածման դարաշրջան։ Այսինքն՝ շուրջ 1500 տարի դամբարանադաշտը պարբերաբար օգտագործվել է։
Հնագետը նշել է, որ մ․թ․ա․ երրորդ հազարամյակից սկսած Հայկական լեռնաշխարհը միշտ եղել է խիտ բնակեցված և պեղված նյութը ցույց է տալիս, որ Սևանի ավազանը, Արարատյան դաշտավայրը, Բարձր Հայքը, Վանի ավազանը պատմամշակութային մեկ ընդհանրության մաս են կազմել։