Գերմանիայում առաջին անգամ ԴԱԻՇ-ի անդամը ցմահ ազատազրկման է դատապարտվել եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրագործելու համար։ Եզդի լրագրող Դուզեն Թեքկալը, ով ի սկզբանե հետևել է գործին, ասել է. «Այս դատն ապացուցում է, որ ցեղասպան մարդը չի կարող գտնվել ազատության մեջ»։

Ֆրանկֆուրտի նահանգային գերագույն դատարանը ԴԱԻՇ-ի անդամ Ալ-Ջումայլիին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ «ցեղասպանության» և «մարդկության դեմ հանցագործությունների» համար։

Իրաքի քաղաքացի Թահա Ալ-Ջումայլին ԴԱԻՇ-ի առաջին անդամն է, ով Գերմանիայում դատվել է եզդիների դեմ ցեղասպանության մեղադրանքով։

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին Շենգալի վրա գրոհած ԴԱԻՇ-ը կոտորել է հազարավոր եզդիների, հազարավորների՝ առևանգել, ստրուկների շուկաներում վաճառել  եզդի կանանց ու երեխաների։ Առևանգված մոտ 3000 եզդիների ճակատագիրն առայժմ անհայտ է։ Եզդիների դեմ ցեղասպանությունը դեռ չի ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ միջազգային դատարանի կողմից։