Աշխարհը պետք է իմանա Հայկական լեռնաշխարհի քաղաքային տիպի հնագույն բնակավայրերից մեկի` Շենգավիթի մասին։ 

Հայ հնագետները նոր վկայություններ են հայտնաբերել այն մասին, որ Երևանի ներկայիս Շենգավիթ վարչական շրջանի տարածքում 5000 տարի առաջ հնագույն բնակավայր է գոյություն ունեցել։

«Քաղաքն առաջացել է վաղ բրոնզի դարաշրջանում, այն ժամանակ քաղաքն արդեն խիտ բնակեցված էր և կառուցապատված»,– պարզաբանել է հնագիտական արշավախմբի ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Սիմոնյանը և շարունակել․ «Վաղ բրոնզի դարում քաղաքային մշակույթն այստեղ ծաղկում էր ապրում։ Բերդապարիսպը, մոնումենտալ ճարտարապետությունը, արհեստավորների թաղամասերը, անհավանական թվով գործիքները վկայում են զարգացած տնտեսության և առևտրի մասին։ 

Այս օրերին մեր կողմից ավարտին հասցվող արշավի նպատակը Շենգավիթի ֆենոմենն ապացուցելն է։ Պաշտամունքային շինությունները վկայում են այն մասին, որ այստեղ ամուր կրոնական հայացքներ և պաշտպանության կատարյալ համակարգ է եղել»։