Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքը դեռևս միջնադարում հռչակված էր որպես առևտրի և արհեստագործության նշանավոր կենտրոն և Մետաքսի ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկը՝ շնորհիվ Հայաստանի վրայով հարավից հյուսիս՝ Սև ծովի նավահանգիստներ, և արևելքից արևմուտք ձգվող տարանցիկ առևտրական ճանապարհների վրա իր հանգուցային դիրքի։ Քաղաքի արհեստագործության բազմաթիվ նմուշներ լավագույնի համբավ էին վայելում և մեծ պահանջարկ ունեին Արևելքի շուկաներում։ 13-րդ դարի նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն, որը 1270-ական թթ այցելել է Երզնկա, հաղորդում է, որ քաղաքում է մշակվում աշխարհում լավագույն բամբակյա գործվածքը՝ բուքրամը։  Քաղաքում գործում էին գեղեցիկ կերպասներ, իսկ գավառի հանքերից հանած պղնձից պատրաստում էին պղնձյա տարբեր ամաններ, իրեր, հատկապես՝ պղնձյա գեղազարդ աշտանակներ: 

19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին Երզնկա քաղաքի և գավառի արհեստագործական արտադրության հիմնական ճյուղերն էին մանածագործությունը (բամբակյա գործվածքների արտադրություն), կաշեգործությունը և պղնձագործությունը:

Արևմտյան Հայաստանի տարածքը՝ թուրքական ցեղերի կռիվների ասպարեզ դառնալուց, այնուհետև՝ օսմանյան թուրքերի կողմից նվաճվելուց հետո Երզնկան կորցնում է միջազգային առևտրի տարանցիկ կենտրոնի իր նախկին նշանակությունը՝ մնալով, սակայն, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև տարվող առևտրի հանգույցներից մեկը: