Տիգրանակերտ քաղաքը (հին անուանումը՝ Ամիդ) Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Աղձնիք նահանգի և Հայոց Միջագետքի սահմանի վրայ ընկած խոշոր կենտրոններից էր։  Տիգրանակերտը Օսմանյան կայսրության տիրապետության տակ է անցնում 1515 թվականին՝ դառնալով համանուն նահանգի կենտրոնը։

Ինչպես հայտնի է, նոր ժամանակներում արևմտահայ կրթական համակարգի հիմքը դրվում է Պոլսոյ Հայոց պատրիարք Կարապետ Գ Պալաթցիի 1824 թ. հուլիսի 10-ի հատուկ կոնդակով։ Այս կոնդակը ազդակ է դառնում Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության այլ շրջանների հայկական թեմական կենտրոններում, այդ թվում՝ Տիգրանակերտ քաղաքում եկեղեցիներին կից դպրոցների բացման համար։

1857 թվականին քաղաքի Ս. Կիրակոս և Ս. Սարգիս եկեղեցիներին կից գործել են աղջիկների համար դպրոցներ: Ս. Կիրակոսի դպրոցում ուսում էր ստանում 70, Ս. Սարգսի դպրոցում՝ 50 աշակերտուհի: Ուսանողուհիների թիվը աճի միտում ունէր: Քաղաքում նույն թվականին բացուեց նաև արական դպրոց, ուր հաճախում էր 200 տղա:

1880-ական թվերի վերջերին և 1890-ական թվերի սկզբներին Տիգրանակերտի հայկական դպրոցների մասին բավականին մանրամասն տեղեկություններ է պարունակում ֆրանսիացի ուսումնասիրող Վիտալ Քուինէի «Ասիական Թուրքիա» աշխատությունը: Համաձայն ուսումնասիրողի՝ քաղաքում գործում էր 9 ազգային, համայնքային և մասնաւոր հայկական վարժարան։