«Վեկտոր» ՀԿ նախագահ, «Accelerator» ծրագրի ղեկավար Թամարա Դանիելյանը մեկնարկվող սոցիալական ձեռներեցության  ծրագրի վերաբերյալ նշեց հետևյալը․ «Ծրագիրը միտված է Արցախում գյուղատնտեսության ոլորտում ձեռներեցությամբ զբաղվող ուսանողների, գյուղատնտեսների կարողությունների զարգացմանը և խթանմանը: Ծրագրի գաղափարը առաջացել է պատերազմից հետո: Որպես ճգնաժամից դուրս գալու միջոց` մենք կարևորում ենք ոլորտի մասնագետների պրակտիկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորումը: Նաև նոր գործընկերների ձեռքբերմանը և networking-ի ընդլայնմանը, որը կօգնի շահառուներին դիմակայել ոլորտի ժամանակակից մարտահրավերներին համահունչ աշխարհի հետ: Պլանավորում ենք հավաքագրել 15 մասնակից տարբեր համայնքներից` Ստեփանակերտից, Ասկերանից, Մարտակերտից, Մարտունուց, ինչպես նաև ներկայումս նշված շրջաններում վերաբնակեցված Շուշիի, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից: Ծրագրին կարող են դիմել Արցախում բնակվող 18 և բարձր տարիքի անձինք, Արցախում գործող հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ:

Լավագույն բիզնես նախագծերն իրագործելու համար տրվելու է դրամաշնորհ: Ծրագիրը ֆինանսավորվում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի կողմից»։