Ախալքալաքում դեռ կան գյուղեր, որտեղ մարդիկ ստիպված են ապրել առանց որոշ կարևորագույն պայմանների: Ափնիա և Գոգաշեն գյուղերը պատկանում են այդ գյուղերի շարքին: Այս գյուղերը ունեն նույնատիպ խնդիրներ, որոնց հետ մարդիկ կարծես համակերպվել են: Դրանցից են ճանապարհների անմխիթար վիճակը, տրանսպորտի բացակայությունը:

Բնակիչների համար մտահոգիչ խնդիր է նաև ջրի հարցը, բացի ոռոգման ջուր չունենալուց մարդիկ անգամ տներում չունեն խմելու ջուր: Իսկ ամենակարևոր խնդիրը համարում են գազաֆիկացման բացակայությունը: Երկու գյուղում էլ չկա գազ, այդ պատճառով մարդիկ տան տաքացման համար օգտագործում են վառելափայտ:

Գյուղում ցավալի խնդիր է նաև գործազրկությունը: Երիտասարդները, որոնք բարձրագույն կրթություն են ստանում, չեն ուզում գյուղ վերադառնալ, քանի որ գյուղում չկա աշխատատեղ: Ինչ վերաբերում է դպրոցին, այն ևս ունի բազում խնդիրներ, օրինակ այն, որ չկա սպորտդահլիճ և աշակերտները սպորտի դասին սահմանափակվում են դասարաններում շախմատ խաղալով, իսկ դրսում խաղալ հնարավոր է միայն տաք եղանակին։