Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Ավետիսյանը նշել է, որ ֆիլմը ցույց է տալիս հետպատերազմյան կյանքն Արցախում, պատերազմի թողած հետևանքներն այստեղ բնակվող մարդկանց վրա: Ռեժիսորի խոսքով՝ «Աշխարհով մեկ սփռված տարագիր հայերից դրական արձագանքներ ենք ստացել, շատ աջակիցներ ունենք տարբեր երկրներից ՝ լրագրողներ, ռեժիսորներ, հայտնի մարդիկ, ինչպիսին, օրինակ, Սերժ Թանկյանն է: Ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոնների՝ Տորոնտոյում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում և ունեցել հաջողություններ։ Այս հաղթանակն անսպասելի էր, բայց շատ ոգևորիչ։  Նման ձեռքբերումներն օգնում և հավատ են տալիս, որպեսզի շարժվենք առաջ և փորձենք անել ավելին»: