Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

«Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում  է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։ Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին»,- ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։