Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղը լույս է ընծայել Արևմտյան Հայաստանի հայ, անվանի գրող Զապել Եսայանի երեք պատմվածքների անգլերեն ժողովածուն։ Ժողովածուում զետեղված են Եսայանի ոչ շատ հայտնի երեք պատմվածքները՝ 1911-ին Պոլսում գրված «Քողը» և «Բավական է» պատմվածքները և 1928-ին Փարիզում գրված «Մելիհա Նուրի հանըմը»։ Ինչպես նշում է կայքը, այս ստեղծագործությունները մեկ ընդհանուր թեմա ունեն և պատմում են թե՛ հայ, թե՛ թուրք կանանց մասին, որոնք պայքարում են սոցիալական, քաղաքական ու մշակութային անարդար նորմերի դեմ։ Եսայանի աշխատանքները լույս են սփռում թուրքական հասարակության և թուրք-հայկական հարաբերությունների վրա Օսմանյան կայսրության վճռորոշ ժամանակաշրջանում, որը նշանավորվել է պատերազմներով, պարտություններով, տարածքային կորուստներով և հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանությամբ։

Զաբել Եսայանը ծնվել է 1878 թվականին Կոստանդնուպոլսում։ Զբաղվել է գրական, հասարակական գործունեությամբ։ Ադանայի հայերի դեմ իրագործված ջարդերից հետո ստեղծված միջազգային պատվիրակության կազմում գրողը 1909 թվականին մեկնել է Կիլիկիա։

Եսայանը մտավորականների ցուցակում ներառված միակ կինն էր, որին երիտթուրքական կառավարությունը ծրագրել էր ձերբակալել 1915 թվականի ապրիլի 24-ին։ Բայց նրան հաջողվեց խուսափել բանտարկությունից և տեղափոխվել Եվրոպա։