Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց կազմակերպության առաքելությունն այդպես էլ չի կարողանում այցելել Արցախ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ աշխատում է այդ ուղղությամբ։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությանը հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

«Ներկայում մենք աշխատում ենք Արցախում այդ առաքելության կազմակերպման ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա հնարավոր կդառնա մոտ ժամանանկներում, սակայն ներկայում անհրաժեշտ պայմաններ չկան։ Մենք փորձում ենք մանրամասն տեղեկություն ստանալ այդ թեմայով»,- ասել են ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

Ադրբեջանական կողմը Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ամեն ինչ անում է՝ թույլ չտալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել կազմակերպության հասցեին։ Պաշտոնական Բաքուն վերջին ամիսներին կրկին դիմում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների՝ ամեն կերպ փորձելով անհնարին դարձնել կազմակերպության առաքելության մուտքն Արցախ։