ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Փարիզում հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։

Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։ 

Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։

Նա նաև շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ են պահում երկու ժողովուրդներին, վտանգում այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության հետևանք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։