Ինչպես հայտնի է, Արևմտյան Հայաստանը հին ժողովուրդների և քաղաքակրթությունների երկիր է: Հայերը, որպես բնիկ ազգ, այս հողերի էական տարրերն են։ Բոլոր ժողովուրդները անջնջելի հետքեր են թողել այս հողերի վրա, չնայած բոլոր ավերածություններին: 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանի տարածքում մեկ ազգի վրա հիմնված նոր ազգ կառուցելու փորձը շատ ցավոտ ու արյունալի էր։ Այդ ծրագիրը չէր կարող չանդրադառնալ նաև մշակութային և կրոնական կառույցների վրա։

Մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումից ամենաշատը տուժել են հայերը։ Հայկական եկեղեցիները, մատուռները, վանքերը և գերեզմանատները ավերվել են, հիմա էլ շարունակվում են ավերվել։ Բացառությամբ Կոստանդնուպոլսի, Արևմտյան Հայաստանի տարածքում այսօր շատ քիչ հայկական պատմա-մշակութային արժեքներ են կանգուն մնացել, և դրանք պահպանվել են միայն տարբեր նպատակների համար՝ որպես  ախոռ, գոմ, պահեստ և այլն։

Եթե ​​ուշադիր լինենք, կտեսնենք, որ ջնջված հետքերը հիմնականում կրոնական պաշտամունքի կառույցներ են։ Օսմանյան կայսրության մնացորդի՝ Թուրքիայի Հանրապետության փորձից շատ լավ գիտենք, որ կրոնի ոչնչացման գործընթացին հաջորդում է հասարակության լեզվի ոչնչացումը։ Այդ իսկ պատճառով բոլոր սրբությունները, որոնք դուրս են պետության կրոնական ըմբռնումից, ենթակա են ոչնչացման։ Դա վերաբերում է ինչպես քրիստոնեական սրբությանը, այնպես էլ Ալևիներին, Եզդիներին և այլ  հավատամքներին:

Եթե պետությունը պաշտոնապես տարրալուծում  է ​​ժողովուրդներին իր պարտադրած հավատքի մեջ, ապա նաև ոչնչացնում է այդ ազգերի հավատքի կենտրոնները։ Այս ընկալումը ընկած է  նաև պետության  չգրված քաղաքականության հիմքում։

Չնայած այս ամենին, Արևմտյան Հայաստանի հայերը և հնագույն ժողովուրդները,  կարծես զգալով  այսօրվա իրադարձությունները, ժամանակին այնպիսի անջնջելի հետք են թողել և այնպիսի դժվարամատչելի վայրերում են կառուցել իրենց մշակութային կառույցները, որ եթե հրաշքով մի օր հայտնվեին, վստահաբար կասեին, որ մի ժամանակ իրենք են ապրել այստեղ։

Արևմտյան Հայաստանի տարբեր շրջանների անտառներում (վայրը չի նշվում, քանի որ մտավախություն կա, որ այն կոչնչացնեն), գտնվում է մի հոյակապ հուշարձանախումբ, որը բաղկացած է մի քանի ժայռափոր  ֆիգուրներից՝ տեղակայված միմյանց զուգահեռ և նույն ուղղությամբ։ 

Դրանցից հատկապես մեկը բարձր, սրագագաթ կոթող է, որը կառուցվել է հսկայական ժայռի գագաթը զգուշորեն սրբատաշելով: Հուշարձանի մեջտեղում կա մի հսկայական խաչ և այս խաչի երկու թեւերի վրա՝ չորս փոքր խաչեր։ Ժայռի հետևի մասում փորած աստիճաններով կարելի է բարձրանալ, շուրջը գրություն չի հայտնաբերվել։ Հուշարձանի՝ զգայուն   վայրում գտնվելու պատճառով նրա շրջակայքը մանրազնին չի ուսումնասիրվել։ Արևմտյան կողմում կա ևս մի փոքրիկ հուշարձան, որը նման է մեծ հուշարձանին և կանգնեցված է նույն ուղղությամբ։ Տեղացիները ովքեր այդ  աշխարհագրության մեջ քաջատեղյակ են հայկական խաչքարներից, մինչ օրս այդ հուշարձանները կոչում են «Խաչքար»։