Արցախի Շուշի քաղաքը թեպետ արդեն մեկ տարի թշնամու հսկողության տակ է, բայց Շուշիին պատկանող շրջանի հայկական գյուղերը շարունակում են մերը մնալ։ Շրջանն էլ շարունակում է նույն անվանումը կրել՝ պահելով շրջկենտրոնը վերադարձնելու, կրկին հայկական դարձնելու տեսլականն ու նպատակը։ Շուշիի շրջանի Եղցահող գյուղը բարձունքի վրա է։ Եղցահողի դպրոցում 16 աշակերտ է սովորում։ Աշակերտները մեկ մարդու պես ասում են, որ Արցախում ապրելը պատիվ է, իսկ տղաները անհամբերությամբ հաշվում են, թե երբ է հասնելու իրենց բանակ գնալու ժամանակը, որ մասնակից լինեն հայրենիքի ազատագրմանը։ 

Եղցահողի բնակիչները ակտիվ մասնակցել են 2020-ի պատերազմին՝ կռվելով ոչ միայն Շուշիի շրջանի, այլև Արցախի մյուս տարածքների պաշտպանության համար։

Եղցահողից մինչև մայրաքաղաք Ստեփանակերտ մոտ 45 կմ է, մինչև Շուշի՝ 30 կմ։ Ձորն ու բարձունքները, որտեղ նաև Եղցահողն է, կոչվում է Բերդաձորի ենթաշրջան, որի մեջ են նաև Մեծ Շեն, Հին Շեն, Կանաչ Թալա, Ծաղկաձոր կամ Տասը վերստ գյուղերը։