ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչները պատերազմից հետո փորձում են վերագտնել իրենց և արդեն անցել են բնականոն կյանքին:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոխրաթաղի համայնքապետ Նորայր Ամիրյանը: «Գյուղը 321 բնակիչ ունի. պատերազմից հետո Մոխրաթաղից հեռացողների չեն եղել, բոլորն էլ մի մարդու պես վերադարձել են հայրենի եզերք: Ավելին` 5 տեղահանված ընտանիք է հաստատվել գյուղում: Ազատ բնակֆոնդից հարյուրի հասնող տներ ունենք, որոնք սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Պատերազմի ընթացքում գյուղում ավերվել է 5 տուն, որոնք այժմ վերանորոգվում են»,- ներկայացրել է համայնքի ղեկավարը: Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում գյուղը տվել է 3 զոհ, 7 համագյուղացի էլ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է: Խոսելով բանկչության զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարը նշել է` ինչպես բոլոր գյուղերում, այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: