Դեկտեմբերի 20-ին լրացավ Արցախի հերոս, լեգենդար զորավար Քրիստափոր Իվանյանի ծննդյան 101-ամյակը:

Գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանը ոչ միայն պարզապես մասնակցել, այլև ուրույն հետք է թողել Մեծ Հայրենական և Արցախյան պատերազմներում՝ արժանանալով պետական բարձրագույն պարգևների:

Մեծ Հայրենականում ցուցաբերած սխրանքների համար Իվանյանն արժանացել է շուրջ 40 շքանշանների և մեդալների: Երբ ֆաշիստների հետևորդները՝ ադրբեջանցի զավթիչները, հարձակվեցին Արցախի վրա, գեներալ Իվանյանը կնոջ հետ բնակվում էր Սանկտ Պետերբուրգում։ Նա դասավանդում էր զինվորական ակադեմիաներից մեկում և ուշադրությամբ հետևում հայրենիքում կատարվող իրադարձություններին։ 1992 թվականին, երբ հայկական ուժերը պաշտպանական ծանր մարտեր էին մղում, 72-ամյա զինվորականը ժամանել է Հայաստան։ 

Նա շատ արագ կարողացավ շահել Արցախի ինքնապաշտպանության ուժերի զինվորների և հրամանատարների վստահությունը։ Արցախում բոլորը գիտեին, որ եթե ռազմական գործողությունները պլանավորում կամ իրականացնում էր զորավար Իվանյանը, ապա հաջողությունը երաշխավորված էր։ Դրա առհավատչյան է գեներալ Իվանյանին ՀՀ ու Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի, իսկ 2000թ. հետմահու՝ «Ոսկե արծիվ» շքանշանների և «Արցախի հերոս» բարձրագույն կոչման շնորհումը։ Նա ՊԲ-ում հրետանային զորատեսակի կազմավորման, ուսումնական զորամասերի և ստորաբաժանումների, ինչպես նաև նրանց ուսումնանյութական բազայի ստեղծման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր։