Ընթացիկ տարում մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մշակույթի ոլորտին վերաբերող հարցերին, այս մասին ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը.«Մշակույթի ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերով` աջակցություն է ցուցաբերվել Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Աստղաշենի, Մարտակերտի արվեստի դպրոցներին: Կարողացել ենք որոշ գույքային համալրումներ կատարել մշակույթի տարբեր համույթներում և 2022թ. շարունակելու ենք: Ինչպես նաև «ՀՀ և արտերկրի հետ համագործակցություն» ծրագրի շրջանակներում արվեստի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպել: Կարողացել ենք պահել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը թեպետ դեռևս շրջիկ է և անհասցե, բայց շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքը: Թանգարանային գործի զարգացման շրջանակներում ևս աշխատանքներ ենք իրականացրել»: