Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի և խմբի մի շարք անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Իրանցի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայերի դէմ կատարված ցեղասպանության նահատակների հիշատակը։

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշն ասել է. «Նախորդ դարում կատարված ցեղասպանության մասին տեղեկություններ, իհարկե ունեի, սակայն այս այցը պատճառ դարձավ, որ իմ տեղեկություններն ավելանան: Ինձ հատկապես տխրեցրեց այն, որ մարդկությունն այդքան տմարդի ու կենդանաբարո կարող է լինել, որ ոչ միայն նման վարվելակերպ ունենա, այլև ավելի վատ՝ իր արածը չընդունի»։Հյուրերն այցելել են նաև Հայերի դէմ կատարված ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում։