ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։ Այդ վերլուծությունը ցույց է տվել, որ հայերը տարբերվում են Բալկանների հնագույն և ժամանակակից բնակչությունից՝ հերքելով հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ գերակշռող տեսություններից մեկը համարվող «բալկանյան վարկածը»։
Հետազոտություններն ուղղված են Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վերականգնմանը, հայկական գենոֆոնդի քարտեզագրմանը և իրականացվել են Քեմբրիջի, Կոպենհագենի, Տարտուի համալսարանների, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությամբ:
Հայկական Լեռնաշխարհում հայերի բնիկ ծագումն ապացուցող տեղեկություններն արժեքավոր աղբյուր են հայագետների համար, որոնք զբաղվում են հայերի էթնոգենեզի, հայկական մշակույթի և լեզվի ծագման ու զարգացման հարցերով