Կոստանդնուպոլսում հրատարակվող ամենահին հայկական «Ժամանակ» օրաթերթը իր 114-ամյակը նշեց տխուր խմբագրականով: Թերթը ահազանգում է՝ ֆինանսական դժվարին կացության մեջ է և փակման վտանգի առաջ է կանգնած:
Վերջին մեկ տարում թերթի միջոցները գնալով պակասում էին, վարչությունն ու խմբագրակազմը ամեն կերպ հետաձգում էր իր տագնապի բարձրաձայնումը, սակայն հիմա ստիպված են օգնության դիմել՝ վիճակը օրհասական է: Վերջին շրջանում Թուրքիայում գնալով խորացող տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև տպագիր մամուլի հանդեպ հետաքրքրության նվազումը բացասաբար են անդրադարձել թերթի գործունեության վրա:
Ավելի քան մեկ դար բռնազավթված Արևմտյան Հայաստանում բնակվող հայության կյանքի կարևոր դրվագները, Հայաստանի հանրապետության և տարագիր հայության առանցքային զարգացումները լուսաբանող պարբերականի գործունեության ամենակարևոր սկզբունքը անկախությունն է:
Պոլսո «Ժամանակի» արդեն չորրորդ սերնդի խմբագիր Արա Գոչունյանի համոզմամբ` չնայած տպագիր մամուլը գնալով կորցնում է իր նշանակությունը, բայց անաչառ և ճշգրիտ լրատվությունը միշտ էլ պահանջված է լինելու: Խմբագիրը հույս ունի, որ «Ժամանակը» դեռ հարյուրամյակներով շարունակելու է իր առաքելությունը: