ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչները շարունակում են ապրել ու արարել հայրենի եզերքում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վերին Հոռաթաղի համայնքապետ Գրիշա Մարտիրոսյանը: «Գյուղը 622 բնակիչ ունի: Դպրոցն ունի 103 աշակերտ. դասասենյակները չեն բավարարում, պետք է նոր մասնաշենք կառուցվի: Մանկապարտեզ չունենք, սակայն նախադպրոցական տարիքի շուրջ 80 երեխա ունենք գյուղում: Գործում են համայնքապետարան, բուժկետ: Գյուղամիջյան ճանապարհների մի մասն ասֆալտապատված է: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ: Պատերազմի ընթացքում գյուղում 1 տուն մասնակի վնասներ է կրել. առաջիկայում նախատեսվում է վերանորոգել»,- ներկայացրել է Գ. Մարտիրոսյանը: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Մարտիրոսյանը նշել է, որ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։