2021 թ. ամռան սկզբին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցի բազմազավակ 100 ընտանիքի: Ծրագրով նախատեսված է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի մոտակայքում՝ Արցախի մայրաքաղաքից մոտ 16 կմ հյուսիս-արեւմուտք, կառուցել նոր բնակելի 100 տուն։ Հուլիսի սկզբից մեկնարկել է նոր բնակավայրի շինարարությունը։ Նախաձեռնության մեկնարկի սկզբում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վստահեցրել էր՝ հանրայինի աշխատակիցների ուժերով, քաղաքական գովազդից առաջացած բյուջեի գումարով, կառուցվելու է առաջին տունը։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան Երեւանում՝ «Գրանդ Հոթել» հյուրանոցում` կայացավ «100 տուն Արցախում» նախագծի առաջընթացին նվիրվաց միջոցառում, որի նպատակն էր ծանոթանալ իրականացված աշխատանքներին եւ ընթացիկ վիճակին, հաղորդակցվել Արցախի եւ հայության հզորացմամբ, զարգացմամբ մտահոգ գործընկերների տեսլականներին ու մտքերին։ Հրավիրված էին տարբեր կառույցների ներկայացուցիչներ, Արցախից տեղահանվածների կողմից ստեղծված հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, անհատներ, ինչպես նաեւ օտարերկրյա հյուրեր։