162 տարի առաջ՝ 1856թ․ դեկտեմբերի 28-ին է ծնվել ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1919), Փրինսթոնի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր (1890-1902) եւ ապա ռեկտոր (1902-1910), ականավոր իրավաբան-միջազգայնագետ, պատմաբան եւ քաղաքագետ Վուդրո Թոմաս Վիլսոնը (Ուիլսոն)։ Հայ հանրությանը Վիլսոնն առավելապես հայտնի է որպես 1920թ․ նոյեմբերի 22-ով թվագրված «Վիլսոնի իրավարար վճռի» հեղինակ, որը սահմանում էր Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ հարցերը՝ Առաջին Աշխարհամարտի արդյունքներն ամրագրող 1919թ․ Փարիզի Հաշտության Վեհաժողովի որոշման հիմքով։ 

Վիլսոնը հանդիսանում է նաեւ Ազգերի Լիգայի (ՄԱԿ-ի նախատիպը) հիմնադիրներից մեկը, ինչպես նաեւ հետպատերազմական Վաշինգտոն-Վերսալ ռազմաքաղաքական առանցքի կերտողներից մեկը՝ «Մեծ քառյակի» կազմում, Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի, Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Ժորժ Կլեմանսոյի եւ Իտալիայի վարչապետ Վիտտորիո Էմանուել Օռլանդոյի հետ միասին։

Վիլսոնի կերպարը հիշարժան է նաեւ նրանով, որ նա հանդիսացել է ամերիկյան Դաշնային Պահուստային Համակարգի (FRS) ստեղծողը, որի համար դեռ կյանքի օրոք արժանացել է ծայրահեղ հակասական գնահատականների։ Մի կողմից՝ ի նշանավորումն այդ իրադարձության եւ որպես յուրատեսակ հարգանքի տուրք, ԱՄՆ FRS-ի կողմից 1934թ․ հատուկ թողարկվել է, Golden Certificate հանդիսացող (չի գտնվում ազատ շրջանառության մեջ, այլ օգտագործվում է միայն միջբանկային գործարքներում) $100․000 նոմինալ արժեքով ամենախոշոր թղթադրամը՝ Վիլսոնի պատկերով։ Մյուս կողմից՝ դավադրությունների տեսության ջատագովները, մեղադրում են Վիլսոնին նույն բանի համար, համարելով, որ նա գործել է իր խորհրդական, Բարուխների հայտնի եւ չափազանց ազդեցիկ գերդաստանի (Standard Chartered բանկերի բանկի հիմնադիր եւ սեփականատերեր) այն ժամանակվա «նահապետ», նշանավոր սիոնիստ Բեռնարդ Մանես Բարուխի հրահանգով՝ այդպիսով ստեղծելով ԱՄՆ Կոնգրեսից եւ Կառավարությունից անկախ, մասնավոր ֆինանսական կառույց՝ ԱՄՆ դոլար թողարկելու մենաշնորհային եւ անվերահսկելի լիազորություններով։

Անկախ ամեն ինչից, Վուդրո Վիլսոնն արժանի է հիշվելու՝ հատկապես հայերիս կողմից: