Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը, ի՞նչ ռիսկեր և օգուտներ կարող է ստանալ Հայաստանը՝ մտնելով այդ պրոցեսի մեջ:

Այս թեմայի շուրջ զրուցի շրջանակում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մասնավորապես այսպես է խոսել․ «Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել, եթե Թուրքիան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ճնշմամբ ճանաչի հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը: 

Թուրքիան մեզնից շատ մեծ գին է պահանջում հարաբերությունների նորմալացման   համար: Մենք պետք է բանակցային գործընթացի հենց սկզբում դնենք հետևյալ հարցը, որ մեզնից մեծագույն զիջում է, երբ մենք համաձայնվում ենք բանակցել մի պետության հետ, որը շարունակողն է հայերի դեմ ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրության: 

Ցեղասպանության հարցը, ե՛ւ Կարսի պայմանագրի հարցը, (ըստ էության՝ ընդդէմ Սեւրի դաշնագրի հարցի եւ Արեւմտեան Հայաստանի) ե՛ւ Արցախի հարցը մեր ժամանակակից ինքնության մասն են կազմում: Այդ խնդիրները մեզ համար կարևոր են: Եթե մենք այդ խնդիրներում գնանք սկզբունքային զիջումների՝ կնշանակի, որ մենք մեր ինքնության մի մասից ենք հրաժարվում։ Դրա համար պետք է այդ սկզբունքային հարցերում լինենք անդրդվելի, չպետք է գնանք ոչ մի զիջման: Իսկ մնացած հարցերում կարող են կոմպրոմիսներ լինել»։