Հայ գիտնականները բավական ակտիվ ուսումնասիրում են Շումերական քաղաքակրթության ժառանգությունն ու դրա կապը Հին Հայաստանի հետ։ Եվ հաճախ բավական հետաքրքիր բացահայտումներ են անում։ Նշենք, որ մինչ օրս հայոց լեզվում առկա բառերի մոտ 70 տոկոսի ծագումն անհայտ է։ Շումերագետ Արմեն Դավթյանը պարզել է, որ հենց այդ բառերի մի մասը, որոնց վերաբերյալ գիտությունը ենթադրություններ էր անում, թե դրանք հնդեվրոպական են, մենք գտնում ենք շումերերենում։

Իրականացրած լեզվաժամանակագրական ուսումնասիրությունների համաձայն` նախահայերենը մ.թ.ա. 7300 թ. առաջացել է Հայկական լեռնաշխարհի և Արևմտյան Հայաստանի հարակից շրջանների տարածքում։ Այս տարեթիվը գրեթե համընկնում է Արևմտյան Հայաստանում` Տիգրանակերտից 40 կմ դեպի հյուսիս–արևմուտք հնագետների ստացած տարեթվի հետ, դա մ.թ.ա. 72-73 դարի սահմանագծին է։

Բացի այդ, այս տարեթիվը շատ մոտ է գենետիկների տվյալներին, նրանք հայկական գենոտիպի առկայությունն արձանագրում են արդեն 8 հազար տարի առաջ, այսինքն մ.թ.ա. շուրջ 6000 թ.։ ԶԼՄ–ներում նույնիսկ զարմանք էին արտահայտում առ այն, որ հայուհիները մինչ օրս պահպանել են իրենց գենոտիպը գրեթե առանց փոփոխության։ 

Պալեոգենետիկան նույնպես ցույց է տվել, որ հայերի էթնոգենեզն ավարտվել է մ.թ.ա. 1200 թվականից շատ առաջ։  Դա տեղի է ունեցել Արևելյան Միջերկրածովում բրոնզի դարի քաղաքակրթության անկումից հազարավոր տարիներ առաջ։  Սա նշանակում է, որ ոչ միայն Խեթական կայսրության նախաուրարտական, այլև ավելի վաղ՝ Արատտայի թագավորության ժամանակ, Շենգավիթում, Մեծամորում, Լճաշենում, ինչպես և Հայկական լեռնաշխարհի հին բնակավայրերի մեծ մասում բնակվող ժողովուրդը արդեն գոյություն ուներ որպես ազգ և խոսում էր հայերենի հնագույն տարբերակով։ 

Բայց քանի որ մենք չունենք այդ ժամանակաշրջանի սեփական պահպանված և վերծանած գրավոր աղբյուրներ, այդ բացը կարելի է լրացնել միայն այլ ժողովուրդների` նախևառաջ հարևան Միջագետքում բնակվող ժողովուրդների աղբյուրներից ստացած տեղեկություններով։ Շումերերենի գենետիկ կապերը ևս պարզ չեն, այն մեռած լեզու էր արդեն մ.թ.ա. II հազարամյակի սկզբին։ Մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ է գտնվել շումերների նախահայրենիքը, այդ իսկ պատճառով հայտնի չէ նաև, թե որտեղ պետք է փնտրել նրանց բարեկամ լեզուները, ինչի պատճառով բազմաթիվ միմյանց բացառող և քիչ հիմնավորված վարկածներ գոյություն ունեն։ Արմեն Դավթյանը հայտնաբերել է, որ հայերենում և շումերերենում ավելի քան 2000 բառ նույն իմաստն են արտահայտում։  Որոշ շումերական սեպագրերում տեքստի մինչև 80 տոկոսը կարելի է հայերեն ընթերցել։ Հատկապես սա վերաբերում է հողագործության հետ կապված տեքստերին։ Ընդ որում, շումերերենը նմանություն ունի ոչ միայն հին հայերենի, այլև ժամանակակից հայերենի հետ։  Դավթյանը պնդում է, որ հայ ազգաբանների կողմից 20-րդ դարում տարբեր մարզերի գյուղերում արձանագրված բառերի հսկայական մասը, կարելի է հայտնաբերել հին շումերերենում։ Նույնանման բառեր կան ոչ միայն հողագործության, այլև ռազմական ոլորտում, ինչպես նաև՝  աստղագիտական տերմիններ։

Արմեն Դավթյանն այժմ աշխատում է հայ–շումերերեն բառարանի ստեղծման վրա։ Երբ այն պատրաստ լինի, բոլորը կկարողանան տեսնել նմանօրինակ բառերի ընդհանուր թիվը։

Տարբեր շումերական գաղափարագրերի վերլուծության հիման վրա հեղինակը գործնականում ապացուցում է, որ դրանք այսօր էլ հնարավոր է ընթերցել հայերեն։ Նույն արմատներ ունենալու մասին վկայում են ինչպես նաև մեզ հասած գաղափարագրերի ձայնավորումը, այնպես էլ Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերները։