Արևմտյան Հայաստանի ձմեռը, բացի խստաշունչ լինելուց, իր հետ ստեղծում է նաև անչափ գեղեցիկ տեսարաններ, որոնք երկար ժամանակ մնում են մարդկանց հիշողություններում։
Բազմաթիվ բնական գեղեցկությունների կողքին կարող ենք տեսնել նաև Վանա լճի Աղթամար կղզու և Սուրբ Խաչ եկեղեցու անզուգական տեսարանը։ Այնտեղ ամեն բան ծածկվել է սպիտակ ձյան շերտով՝ հիացմունք առաջացնելով այցելուների ու զբոսաշրջիկների մոտ։
Մեկ ուրիշ զարմանահրաշ տեսարան էլ ստեղծվել է Կարսի Արփաչայ գավառում գտնվող Չըլդըր լճում, որի մակերեսը պատվել է 20 սանտիմետրի հասնող մերկասառույցով։ Այստեղ սառած լճի մակերեսի վրա տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկները հաճելի ժամանակ են անցկացնում՝ սահելով ձիերին լծված սահնակներով:
Հավելենք նաև, որ այս օրերին մինչև -27 աստիճանի հասնող ջերմաստիճանի պայմաններում սառցակալել են նաև Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում գտնվող լճեր, ջրվեժներ ու ավտոճանապարհների որոշ հատվածներ։