Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի և Շուշիի մի շարք միջնակարգ և երաժշտական դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։ Ի դեմս ներկաների՝ նա շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ պայմաններով հանդերձ բարեխղճորեն կատարել և կատարում են իրենց աշխատանքը՝ տեղահանված աշակերտների համար ապահովելով անխափան կրթական պրոցեսը։ Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ արդեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները ունենալու են նոր առանձին մասնաշենքեր՝ մայրաքաղաք Ստեփանակերտում։

Պատասխանելով ուսուցիչների՝ ապագայի և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին և հուզող հարցերին՝ նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, իսկ երկրի անվտանգ կենսագործունեությունն ապահովում և ապահովելու են Պաշտպանության բանակն ու ՌԴ խաղաղապահ զորակազմը։