Իրանագետ Ժաննա Վարդանյանի խոսքով` Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հանգամանքը խոսում է այն մասին, որ Իրանը չի ցանկանում դուրս մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից և ցանկանում է ապահովել իր անմիջական ներկայությունը տարածաշրջանում։ 

«Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու մյուս հանգամանքը պայմանավորված է արցախյան 44–օրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակով։ Իրանում կար իշխանություններին ուղղված շատ լուրջ քննադատություն, որ իրենք անուշադրության են մատնում Հարավային Կովկասը»,– նշել է իրանագետը։

Վարդանյանի դիտարկմամբ` հյուպատոսություն բացելու հանգամանքը որոշ չափով կապված է նաև Ադրբեջանի նկրտումների հետ, որն ուզում է Սյունիքի մարզում ունենալ միջանցք դեպի Նախիջևան, ինչը կարող է որոշ չափով խաթարել հայ–իրանական սահմանի անվտանգությունը, ուստի պատահական չէ, որ իրանական կողմից հաճախակի հնչում են այդ երկրի ու Սյունիքի միջև համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։