Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` հայ-թուրքական առաջին հանդիպումը ավելի շուտ ճանաչողական է լինելու, և մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Նրա համոզմամբ` Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի մասով չի փոխվել, և բանակցություններին դարձյալ ներկայացվելու են Անկարայի հայտնի երեք նախապայմանները՝ Հայաստանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը 1921 թ. Կարսի պայմանագրին և ճանաչի Հայաստանի և Թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվի հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության հետապնդումից և Արցախից: Այս ամենին, ըստ թուրքագետի, միացել է չորրորդ պահանջը՝ այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Անկախ Թուրքիայի օրակարգից, Հայաստանը պետք է ձգտի առաջ տանել իր օրակարգը` այն է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման գործընթացի մեկնարկը, վստահ է Սաֆրաստյանը. «Մինսկի խմբի համանախագահողները ճանաչել են ցեղասպանությունը: Ես կարծում եմ` պետք է մեր դիվանագիտությունը փորձի այս հանգամանքը օգտագործել. պետք է համագործակցեր այդ երեք երկրների հետ, որ նրանք ճնշում գործադրեն Թուրքիայի վրա»:

Leave a Reply