Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սևան Նիշանյանը ազատ կարձակվի հունվարի 7-ին։ Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։

«Քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,-ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականին Թուրքիայում 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին:

Թուրքական մամուլն այդ ժամանակ գրում էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: