Ազգությամբ թուրք Արգուն Քոնուկը բլոգեր է, ով, չունենալով հայկական արմատներ, իր  տեսաբլոգների միջոցով ներկայացնում է  Թուրքիայում մնացած (բռնազավթված Արևմտյան Հայաստան) հայկական ժառանգությունը: 

«Իմ տեսահոլովակների բովանդակությունը քաղաքական չէ, ինձ հետաքրքրում են մշակութային օջախները, և որպես թուրք ես ինձ պատասխանատու եմ համարում իմ երկրի ամբողջական պատկերը ցուցադրելու համար»,- այս նախադասությունն է, որով երիտասարդ թուրք Արգուն Քոնուկը սկսում է Youtube-ում իր տեսաբլոգների մեծ մասը։ 2020 թվականի դեկտեմբերից Արգունը նկարահանում է տարբեր տեսահոլովակներ, որոնց մեծ մասը նվիրված է բռնազավթված Արևմտյան Հայաստանում բնակվող հայերին և այնտեղ մնացած հայկական ժառանգությանը։

Իր առաջին տեսահոլովակում նա հանդիպում է Անկարայում բնակվող Գևորգ Բալաբանին։ Բլոգերը նրան անվանում է «Անկարայի վերջին հայը». շատ հայեր չեն համաձայնվում տեսախցիկի առաջ խոսել իրենց ազգային պատկանելության մասին:

Բալաբանը Արգյունին պատմում է հայերի մեջ հայտնի Աղթամարի լեգենդը։ Նրա խոսքով՝ Վանա լճի Աղթամար կղզին իր անունը ստացել է ողբերգական սիրո պատմությունից։ Արքայադուստր Թամարն ապրում էր կղզում, նրան սիրահարված էր մի երիտասարդ տղա, ով ամեն գիշեր լողալով մոտենում էր ափից կղզի՝ առաջնորդվելով Թամարի վառած լույսով։ Բայց մի օր Թամարի հայրը ջարդում է ճրագը, և երիտասարդը խեղդվում է լճում՝ բացականչելով «Ախ, Թամար»: Լեգենդը չի ասում, թե ինչու էր հայ կնոջ հայրը դեմ այս հարաբերություններին։ Պատասխանը գիտի Գևորգ Բալաբանը,- երիտասարդը թուրք էր, համենայն դեպս մանկուց լսել էր լեգենդն այս մեկնաբանությամբ։

Տեսանյութի վերջում հայը թուրք բլոգերին ցույց է տալիս Անկարայի հայկական գերեզմանոցն ու կարդում գերեզմանաքարերի վրա գրված հայկական անունները։

«Եթե ուզում ես որևէ մեկին ազգայնականություն, հայրենասիրություն սովորեցնել, չպետք է դա անես՝ անտեսելով այլ ժողովուրդների մշակույթը։ Ցավոք սրտի, հակառակն է տեղի ունենում: Այսօր մարդիկ պատրաստ են ասել, որ իրենք միակն են, ովքեր ժամանակին ապրել են մոլորակի վրա։ Եթե ​​նրանց ասեն, որ աստվածաշնչյան Ադամը թուրք է եղել, նրանք կհավատան»,- ասում է Բալաբանը:

Արգունը ափսոսանքով նշում է, որ ոսկի փնտրելու համար հայկական գերեզմանները թալանվել են կողոպտիչների՝ «սև փորողների» կողմից։

Արգյունը նաև տեսահոլովակներ է նկարահանել հայկական հնագույն քաղաքներում՝ Կարսում և Անիում։ Անիի մասին ասում է, որ հայերն այն անվանել են «1000 և մեկ եկեղեցիների քաղաք»։ «Արարատ, գիտե՞ս՝ ինչ է նշանակում քո անունը»,- երեխային հարցնում է բլոգերը։ Նա ի պատասխան թոթվում է ուսերը։

Քրդերը թուրք երիտասարդին ասում են, որ Հայաստանում ապրում են եզդիներ, ովքեր իրենց հետ խոսում են նույն լեզվով։ Արգյունին ցույց են տալիս այն վայրերը, որտեղից պարզ երևում է հայ-թուրքական սահմանը և Հայաստանը։ 70-ամյա մի քուրդ, բլոգերին ցույց է տալիս Սուրբ Թեոդոր հայկական եկեղեցու ավերակները։

«Այս գյուղում յոթ հայկական եկեղեցի կար, սա դրանցից ամենամեծն էր։ Տարիների ընթացքում մարդիկ եկեղեցիների քարերը քանդել են, իրենց համար տներ կառուցել։ Պատմությանն այդքան անտեսելը շատ սխալ է»,- ասում է քուրդը բլոգերին։

Արգյունը նաև ռեպորտաժ է նկարահանել Թուրքիայի Բիթլիսի շրջանի Դոգրույոլ գյուղից (Արևմտյան Հայաստանի տարածք), որտեղ պահպանվել է 10-րդ դարի հայկական եկեղեցի։ Այն հսկում է Աթանուր անունով մի բնակիչ։

Նրա խոսքով, եկեղեցու հիմքը շատ ամուր է, իր գոյության 11 դարերի ընթացքում առաստաղը չի փլվել և նույնիսկ չի վնասվել։

«Հայերը շատ լավ գիտեին, թե ինչպես վարվել քարի հետ, նրանք շատ գրագետ ու առանց ցեմենտի կառուցեցին, քարերը փազլի նման են հավաքված։ Այսօր նման շինություն կառուցելը շատ դժվար է։ Ժամանակակից տեխնիկայով նման գլուխկոտրուկներ կառուցելը գրեթե անհնար է»,- ասում է Աթանուրը։

Եկեղեցու տարածքում կան նաև հայկական գերեզմաններ։ Հայկական այս եկեղեցին ներառված չէ Թուրքիայի պահպանվող հուշարձանների ցանկում, պետությունը դրա վերականգնման կամ վերանորոգման ծրագրեր չունի։

Հայկական եկեղեցին Դոգրույոլում պահպանված միակ հայկական շինությունն է։ Գյուղում նախկինում կային այլ հայկական եկեղեցիներ ու տներ, իսկ այժմ դրանք հողին են հավասարվել։ Չնայած դրան, Հայաստանից և Սփյուռքից շատ հայեր գիտեն եկեղեցու մասին, խմբերով գալիս, նկարվում են։ Եկեղեցի են այցելում նաև զբոսաշրջիկներ Եվրոպայից և ԱՄՆ-ից։

2021 թվականի գարնանը Արգունը մեկ ամսով եկավ Հայաստան և տեսահոլովակներ նկարահանեց այստեղ։

Նա նշում է, որ Հայաստանն իսկական դրախտ է զբոսաշրջիկների համար, քանի որ ուտելիքը համեղ է, գները՝ մատչելի, յուրաքանչյուր քար ունի իր պատմությունը, իսկ մարդիկ շատ հյուրընկալ են։

Իր տեսանյութերում Քոնուկը երբեք չի խոսում Հայերի դեմ իրագոչծված ցեղասպանության մասին, չի հիշատակում ջարդերը։ Նա միայն ասում է, որ «հայերն այստեղ ապրել են մինչև Առաջին համաշխարհային պատերազմը»։

Թուրք երիտասարդի տեսաբլոգները ակտիվորեն դիտում են սփյուռքի հայերը, ովքեր խոսում են Թուրքիայում ապրած իրենց նախնիների մասին։ Նաև մեկնաբանություններում շատ թուրքեր կան, ովքեր պատմում են իրենց պապերի պատմությունները «հարևանի բժիշկ Միհրանի» կամ «վաճառական Հրանտի» մասին։

https://www.youtube.com/watch?v=ejhSDO6SYSc
https://www.youtube.com/watch?v=0ucVyt-a15g