Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող անկարգություններին և այդ համատեքստում Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը։

Ըստ թուրքագետի՝ Թուրքիան ոչ միայն Ղազախստանում, այլև միջինասիական թյուրքալեզու ժողովուրդների հետ կապված հեռուն գնացող ծրագրեր ունի, որոնք իրագործելու նպատակով վերջին 20 տարիներին հսկայական փողեր է ծախսում:

Այդ ծրագրերի իրականացման հարցում մինչև վերջերս Ղազախստանը Թուրքիայի ամենահավատարիմ օգնականներից էր, սակայն հիմա «սև կատու է անցել» երկու երկրների միջև։ Եվ եթե Ղազախստանին չհաջողվի սկսած «հեղափոխությունը» ավարտին հասցնել, թուրք-ղազախական հարաբերությունները կարող են ավելի սրվել, իսկ եթե ամեն ինչ Թուրքիայի սրտով լինի, այն ժամանակ Ղազախստանում ոչ միայն թուրքական, այլև հակառուսական և պրոամերիկյան ուժերի ազդեցությունը կավելանա։

Լոքմագյոզյանը պատմեց, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նեղսրտել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները խաղաղապահ ստորաբաժանումներ են ուղարկել Ղազախստան: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը հիմա նախագահում է Հայաստանը։