Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ հավաքագրված փաստերի համաձայն՝ խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված դիրքերից բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակահերթեր արձակել է առավել մեծ ինտենսիվությամբ։
«Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ոտնձգություն է խաղաղ բնակչության իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի դեմ։ Ադրբեջանական հանցավոր գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորել Արցախի բնակչության շրջանում։
Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների պատշաճ պաշտպանության տեսանկյունից խիստ կարևոր և առանցքային է մնում խաղաղ բնակավայրերի մերձակայքից ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ։