«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում պատմության ուսուցիչ Արման Ավագյանը Երևանից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Նա աշակերտների հետ կազմել և մշակել է «Ճանաչեք թուխպ հետ տվող հաթերքցիներին» նախագիծը:

«Մեր նախագիծը հետապնդում է մի քանի նպատակ։ Նախ` ցույց տալ բոլորին և հերքել այն թյուր կարծիքը, թե Արցախում տուրիստական առումով այլևս շատ քիչ գրավիչ տեղեր են մնացել։ Այդ ճանապարհին մենք մեր օրինակով ցույց ենք տալու մեր համայնքը և հույս ունենք, որ ուրիշ համայնքներ ևս շուտով կմիանան այդ արշավին։ Արշավի արդյունքում բոլորին ցույց կտանք մեր համայնքները և կհրավիրենք այստեղ՝ զարգացնելով կապը այլ համայնքների հետ։ Մենք կկատարենք ֆոտո և վիդեո նկարահանումներ մեր համայնքի մշակութային կոթողների վերաբերյալ, հարցազրույցներ բնակիչների հետ, կցուցադրենք համայնքի մշակութային տարբեր միջոցառումներ։

Կիրականացնենք հետազոտություններ և կտեղադրենք բազմատեսակ նորություններ Հաթերքի մասին։ Ծրագիրը եղածի և գալիքի մասին է, որին հաղորդակից կլինեն բոլորը»,- ասել է Ա. Ավագյանը։