«Դեպի Քիրս» ալպինիստական անկյունը համայնքային զարգացման ծրագիր է, որը գեներացվել է «Դասավանդիր, Հայաստան»-ի համայնքային, աշակերտական ծրագրերի շրջանակներում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծրագրի հեղինակ Արծրուն Արշակյանը և նշել, որ այն իրականացվում է ՕՍՄ Արցախ հիմնադրամի շնորհիվ և Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ։

«Ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի 3-րդ դպրոցի տարածքում կառուցվել է ալպինիստական պատ՝ արհեստական ժայռամագլցման պատ, որն առաջին նմանատիպ պատն է Արցախում։

«Դեպի Քիրս» ալպինիստական անկյունը լինելու է մի վայր, որի շուրջ իրականացվելու են կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող դասընթացներ՝ բնության, լեռնագնացության, աշխարհագրության, առաջին բուժօգնության մասին, ինչպես նաև նախատեսվում է պարբերաբար կազմակերպել արշավներ, որոնք հնարավորություն կտան արցախցի երեխաներին ճանաչելու Արցախն իրենց համայնքներից դուրս։ Ծրագրի նպատակը արցախցի աշակերտների ֆիզիկական և հոգեկան կոփումն է, նոր գիտելիքների փոխանցումն ու ծանոթությունը բնության, լեռների, առհասարակ, Արցախի հետ»,- ներկայացրել է Ա. Արշակյանը։

Leave a Reply