Աթենքը դատապարտում է 1914-1923 թթ. Օսմանյան կայսրությունում պոնտացի հույների ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի վրա Անկարայի հարձակումները:

«Հերթական անգամ խախտելով դիվանագիտական պրակտիկայի տարրական կանոնները՝ թուրքական կողմը հարձակվում է Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյայի, տվյալ դեպքում՝ Հանրապետության նախագահի վրա։ Թուրքական կողմը, ցավոք, կրկին խեղաթյուրում է իրականությունը և թաքցնում ոչ միայն այն, ինչ եղել է անցյալում, այլև իր ընթացիկ քաղաքականությունը, որի շրջանակներում ամեն օր խախտում է միջազգային իրավունքը, լարվածություն է ստեղծում և թունավորում երկու երկրների միջև մթնոլորտը»,- ընդգծել են Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Ավելի վաղ Հունաստանի նախագահը պոնտացի հույների կոտորածներն անվանել էր ցեղասպանություն: Թուրքիայի ԱԳՆ-ն այդ հայտարարություններն անհիմն էր որակել: